Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Ժերալդին Չապլին

Ժերալդին Չապլին
30.10.2025 | 12:43

Երբեմն կյանքում ծնվում ես մի անվան տակ, որը քեզանից առաջ արդեն պատմություն է գրել։ Եվ հենց այդ պատմության ծանրությունը կարող է դառնալ ոչ թե նվեր, այլ փորձություն։ Որովհետև աշխարհը քեզ տեսնում է միայն որպես ինչ-որ մեկի շարունակություն, իսկ դու ամեն գնով ուզում ես լինել ինքդ՝ քո ձայնով, քո լռությամբ, քո ընտրությամբ։

Եվ երբեմն այդ ստվերից դուրս գալը դառնում է նրանց ամենախիզախ քայլը։

Այդպիսի ճանապարհ ընտրեց Ժերալդին Չապլինը։

Կար մի ժամանակ, երբ Ժերալդին Չապլինը փախչում էր սեփական ազգանունից․ հոգնել էր, որ իրեն դիմում էին՝ հիշեցնելով հորը։

Նա ծնվել էր կինոյի թագավորական ընտանիքում, բայց ատում էր, երբ իրեն ներկայացնում էին որպես Չարլի Չապլինի դուստր։ Ամեն հարցազրույց, ամեն հանդիպում սկսվում էր նույն հարցով․

«Ի՞նչ է նշանակում՝ մեծանալ Չարլի Չապլինի կողքին»։

Քսան տարեկանում նա ճակատագրական որոշում կայացրեց՝ հավաքեց իր իրերն ու մեկնեց Փարիզ՝ առանց գումարի, առանց ապահովության, միայն համառ ցանկությամբ՝ ապացուցելու, որ կարող է ինքնուրույն կայանալ։

Նա ապրում էր փոքրիկ բնակարաններում, մոդել էր աշխատում՝ ապրուստը վաստակելու համար, և ընդունում էր այն դերերը, որոնցից մյուս դերասանուհիները խուսափում էին։

«Դոկտոր Ժիվագոյում» -նա չխաղաց փայլը, չխաղաց գլխավոր հերոսուհուն․ նա խաղաց ցավը։ Եվ դա արեց այնքան հանդարտ, այնքան ճշմարիտ, որ կինոքննադատներն այլևս չկարողացան նրան անտեսել։

Բայց փառքը երբեք չշլացրեց Ժերալդինին։

Նա հաճախ էր ասում, որ դերասան լինելը նման է «ուրիշի մաշկի մեջ ապրելուն»։ Ֆիլմերից հետո նա միշտ թաքնվում էր մի լուռ անկյունում՝ վախենալով, որ աշխարհը միշտ իրեն կտեսնի որպես հոր ստվեր։

Այնուհետև եկավ Cría Cuervos-ը՝ իսպանական ֆիլմ հիշողության, ուրվականների և կորստի մասին։ Նրա խաղը այնքան անսովոր, խորն ու ներթափանցող էր, որ նույնիսկ հայրը լաց եղավ, երբ դիտեց այն։

«Դու ինձ անցար»,-հուզված ասաց Չապլինը։

Այդ պահին Ժերալդինը առաջին անգամ հավատաց, որ վերջապես վաստակել է իր անունը։

Ժերալդին Չապլինն ապրեց իր կյանքը ստվերների ու լույսերի միջև՝ փախչելով ժառանգությունից, որպեսզի այն վերափոխի։ Նա փառքը չժառանգեց՝ նա այն կառուցեց նորից՝ քայլ առ քայլ, մինչև որ աշխարհը դադարեց ասել «Չարլիի դուստրը» և սկսեց ճանաչել որպես Ժերալդին։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ